Պատերազմ թե՞ խաղաղություն, պատերազմ կամ խաղաղություն, և՜ պատերազմ, և՜ խաղաղություն։ Հնչողության և վերամբարձ հայրենասիրության համար ոսկե միջինը հենց երրորդն է, այն երրորդը, որը որդեգրել են Հայաստանի իշխանությունները, որը որդեգրել են անկախության բոլոր ոչ լեգիտիմ իշխանությումները, որը որդեգրում են աշխարհի բոլոր ոչ լեգիտիմ իշխանությունները։ Պատերազմն ու խաղաղությունը կամ պատերազմ և խաղաղության պատրանքը ստեղծվում է չընտրված իշխանության ավազակապետությունն օրինականացնելու, միտինգ ցրելը, քաղբանտարկյալներ ունենալը, քաղաքացուն ծեծելը, կեղեքելը, արտագաղթի ճամփին գցելն արդարացնելու համար։ Այդ տարբերակն ընտրում են ռեժիմով եկած և ռեժիմի վերածվածները, որպեսզի խաղաղության մեջ ապրողներից պարտադրաբար հավաքեն պատերազմի վտանգի առաջ կանգնած զինվորների մատաղի 1000֊ական դրամները։ Խաղաղության համար մեզ այլընտրանք չթողած, այլընտրանքի մասին չխոսող իշխանությունը զինվորի մահը գերադասում է բանակցություններից, զինվորի մահը գերադասում է զիչումներից, մինչդեռ որդուն կորցրած և չկորցրած ծնողներից գերադասում է երկրորդին, որովհետև այնպես, ինչպես հայրենիքն ի տարբերություն պետության չունի խնամքի կարիք, այդպես որդուն կորցրած ծնողը չունի սփոփանքի կարիք՝ ինչպես որդուն բանակից փախցրածը։ Որովհետև որդուն կորցրած ծնողը իշխանություններից պահանջում է, իսկ որդուն փախցրածը՝ սիրաշահում, ինչպես գողն է կաշառում ոստիկանին, իսկ ազնիվը պատասխան պատասխանատվություն պահանջում, ինչպես հարկեր չվճարող հարկատուն է մաղադրիչ անում և բարեխիղճը ի պատասխան տուգանքի դատարանում հայց ներկայացնում, ինչպես երթուղայինի գումարը չվճարողն է լռելայն հեռանում, իսկ վճարողը՝ մի բան էլ հրաժեշտ տալիս վարորդին։ Ուրեմն պատերազմ թե՞ խաղաղություն, դուք կասեք՝ ոչ մի թիզ հող թշնամուն, մի կում թեյ Բաքվում՝ մենք կհամաձայնվենք, եթե մեռնող զինվորն ավելի պակաս արժենար, իսկ զինվորները կշարունակեն մեռնել թեկուզ արհեստական պատերազմում, որովհետև այս իշխանությունը 1000 դրամ չի հավաքում, որ զինվորը չմեռնի, հավաքում է, որ մեռած զինվորի ծնողին սփոփի, հավաքում է, որ պատերազմի մասնակցող զինվորին ապահովագրելով նախազգուշացնի սպառնացող մահվան մասին, հավաքում է, որ զինվորը մեռնի։ Իշխանությունները կշարունակեն խոստանալ տնտեսական աճ, ներգաղթ, զարգացած պետություն նույնիսկ շրջափակման պայմաններում, բայց այս ամենը կխոստանա միայն այն իշխանությունը, որն արտաքինից բացի նաև ներքին պատերազմ է հրահրել իշխանության գալու համար, որովհետև աղմկող քաղաքացուն լռեցնելու լավագույն միջոցը պատերազմի մասին հիշեցնելն է, պատերազմի ահագնանալու վտանգը վկայակոչելն է, իսկ եթե չկա պատերազմ կա ներքին ուշադրություն, կան քվեատուփերին նայող բազմաթիվ աչքեր ու գողացված քվեները կոկորդ կրծելու գնով անգամ պահելու պատրաստ արժանապատիվ քաղաքացիներ։ Չընտրված իշխանությունը կասի` ոչ մի թիզ հող թշնամուն, մեր զինակից ընկերների արյամբ ազատագրածը չի կարելի հանձնել, դրանք հայկական պատմական հողեր են, չընտրված իշխանությունը կասի նաև ավելին և կսիրաշահի, իսկ ընտրվածը կբանակցի ու տեր կկանգնի պայմանավորվածություններին: Դուք կասեք՝ իսկ թշնամի՞ն, ընտրված իշխանությունը թշնամուն նույնպես կստիպի տեր կանգնել պայմանավորվածությանը, որովհետև Արցախյան հակամարտությունը տարածաշրջանի շնչին է, աշխարհի շնչին է, հայ ժողովրդի շնչին է, ծառայության գնացող զինվորի շնչին է, ծնողների շնչին է, մեռած զինվորի վերջին շնչին է, պետության բյուջեի շնչին է, զարգացման հեռանկարների շնչին է, արդարության շնչին է, արդար ընտրության շնչին է, իմ շնչին է, քո շնչին է, չծնված որդուդ շնչին է, Հայաստանից փախած ու չվերադարձած դեռահաս տղայի շնչին է։ Չընտրված իշխանությունը ժողովրդին սիրաշահելու և իր ներկայությունն ու վերարտադրությունն ապահովվելու, քաղաքացուն լռեցնելու, փողոց դուրս գալն ամոթ դարձնելու, և պահանջատեր լինելն անպատեհ լկտիություն համարելու համար էկրաններից կսպառնա թշնամուն, կհայհոյի թշնամուն, կվախեցնի թշնամուն, իսկ էկրաններից այն կողմ կսպանի քաղաքացուն, կհայհոյի քաղաքացուն, կվախեցնի քաղաքացուն, կթալանի քաղաքացուն։ Ընտրված իշխանությունն էկրաններից կներկայացնի դառը իրականությունն ու դրանցից դուրս գալու տարբերակներ կառաջարկի՝ ընտրությունը ժողովրդին թողնելով։ Իշխանությունը գողացած առաջնորդը կհանդիպի իր իշխանությունը պահելու պատճառով շարունակվող պատերազմի զոհերի ծնողների և վիրավոր զինվորների հետ, իսկ իշխանությանն ընտրությամբ եկած առաջնորդը կվտանգի իր իշխանությունը, բայց քաղաքացուն կասի ճշմարտությունն ու կպատմի բանակցելու անխուսափելիության մասին, զինվորի մեռնելու վտանգի վրա գումար չի հավաքի և Բաքվում թեյ խմելու խոստումներով ամբոխին գրգռելով դպրոցը նոր ավարտած անփորձ պատանուն գյուլլի բերան չի տանի... Սրանցով հանդերձ ընտրության սուրբ իրավունքը Հայաստանի Հանրապետության քաղաքացունն է` պատերազմ թե՞ խաղաղություն, պատերազմ կամ խաղաղություն, և՛ պատերազմ, և՛ խաղաղություն․
